Թագավորը կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացել:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
- Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
- Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
- Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
Ու բոլորն էլ`
- Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
- Ես մի դժբախտ մարդ եմ…
- Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում:
      Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չար-սիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր: «Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
            Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
            - Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
            - Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս…,- ասաց երիտասարդը:
            Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ ունի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց, և նա ասաց.
            - Հրամանս է. պատմի´ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
            Եվ երիտասարդը կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
            - Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
            Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
            - Հե´յ, վերակացո´ւ, այս մարդուն դո´ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
            Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:

            Ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունը:

․․․Դե ինչ, հետևությունները թողնում եմ ձեզ:

Թագավորը կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացել: Թագավորը կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացել: Reviewed by Unknown on 10:57 Rating: 5

Комментариев нет:

Технологии Blogger.